Խաղաղության պայմանագրի առանցքային հարցերում փոխհամաձայնություն չկա, կա ադրբեջանական կողմի պահանջ և հայկական կողմի համաձայնություն, գրում է «Հրապարակ»-ը։
Թերթը հայտնում է, որ Ալիևի համար առանցքային նշանակություն ունի Արցախի զավթումը լեգիտիմացնելը։ Նա պահանջում է, որ Հայաստանը հստակորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.6 հզ/կմ, որի կազմում է նաև Արցախը։ Բայց ինքը չի պատրաստվում գոնե ճանաչել Հայաստանի 29 հազար 800 ք/կմ-ը։
«Ինչ-որ ընդհանուր ձևակերպում է նախընտրում, որ պայմանագրում ոչ թե թիվ ամրագրվի, այլ նշվի բառերով տարածքային ամբողջականության մասին։ Իսկ բուն ՀՀ տարածքը պարզ կդառնա սահմանազատումից հետո»,- ընդգծում է պարբերականը։
Ըստ լրատվամիջոցի, ադրբեջանական կողմը մերժում է նաև դելիմիտացիան իրականացնել որևէ տարեթվի քարտեզով։ Առաջարկների մեջ նշված են նաև անկլավները, ճանապարհների ապաշրջափակումը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը դեկտեմբերի 8-ին ծանոթացել էին «Խաղաղության պայմանագրին» և հայտարարել դրա վտանգավորության մասին։ «Առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»,- ասված էր պատգամավորների հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







