Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելը սադրանք է անվանել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
«Ֆրանսիայի այս քայլերը Հայաստանի համար ոչ թե բարիք, այլ չարիք են։ Նրանք ավելի վաղ մեծ աջակցություն են ցուցաբերել Հայաստանին։ Ի՞նչ արդյունք են ստացել: Ոչինչ: Ֆրանսիան Մինսկի խմբի անդամ է, որի աշխատանքն արդյունք չի տվել, բայց այսկերպ Ֆրանսիան կրկին սադրում է Հայաստանին։ Ի՞նչ կլինի, եթե զրահապատ տեխնիկա ուղարկեք: Այս տեսանկյունից չի կարելի արդյունքներ ստանալ»,- հայտարարել է Էրդողանը։
Հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Ֆրանսիայից երեք ռադիոլոկացիոն կայան կգնի։ Երևանն ու Փարիզը նաև ապագայում զենիթահրթիռային համալիրների մատակարարման շուրջ են պայմանավորվել։ Նոյեմբերի 13-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ֆրանսիան Հայաստանին մատակարարել է «Bastion» բազմանպատակային զրահամեքենաների խմբաքանակ՝ ռազմական օգնություն ցուցաբերելու շրջանակներում: Ավելի ուշ Վրաստանի Փոթիի նավահանգիստը կառավարող «APM Terminals Poti sudtverdili» ընկերությունը հաստատել էր ֆրանսիական «Bastion» տեսակի զինտեխնիկայի տարանցումը Հայաստան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







