Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում հավատարմագրված եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական բացառիկ հնարավորություն է ստեղծվել, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բայրամովը ներկաների հետ խոսել է տարածաշրջանային խնդիրների մասին, ինչպես նաև քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և կարգավորման հնարավոր հեռանկարները։
Անդրադառնալով ԼՂ բնակչությանը՝ Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը երաշխավորելու է Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը, ինչպես նաև լեզվական և մշակութային իրավունքները։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







