Ադրբեջանի քաղաքացիների գրեթե 81%-ն աջակցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնի (CSR) հեռախոսային հարցման տվյալները։
Հարցումն անցկացվել է հոկտեմբերին Ադրբեջանի 12 տնտեսական շրջաններում, մասնակցել են 18 տարեկանից բարձր 385 հոգի։
Հարցվածների 18,3%-ը դեմ է արտահայտվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին, 0,8%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերին խաղաղության համաձայնագրի կնքմանն աջակցել է հարցվածների 76,4%-ը, մայիսին՝ հարցված ադրբեջանցիների 77,3%-ը։
Հարցման արդյունքների համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացիների 66,7%-ը հավատում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը (սեպտեմբերին այդ թիվը կազմել է 53,1%)։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարարել էր, որ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և հարևանների նկատմամբ անհիմն տարածքային պահանջների միջև»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







