Թուրքական հարվածային անօդաչուները հարվածներ են հասցնում նույնիսկ սիրիացի զինվորականների առանձին թիրախներին՝ մեքենաներին, զրահատեխնիկային և մոտոցիկլիստներին։ Այս մասին հայտնում է «Ռոսիա 1» հեռուստաալիքի ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին Իդլիբից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Պոդդուբնիի խոսքով՝ հենց Իդլիբի երկնքում հայտնվեցին թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքեր, մարտական գործողությունների բնույթը կտրուկ փոխվեց։
Թղթակիցը նշել է, որ թուրքական հարվածային անօդաչու սարքերը ոչնչացրել են սիրիացի զինվորականների բեռնատարը, որը տեղափոխում էր սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկի գույքն ու զինամթերքը։
«Այժմ անօդաչու թռչող սարքերը, որոնք կարող են հարվածներ հասցնել, սիրիացի զինվորականների գլխավոր գլխացավանքն են։ Ընդ որում, Թուրքիան հարվածների համար փող չի խնայում, իսկ դա թանկ հաճույք է»,- ասել է Պոդդուբնին։
Շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել էր, որ Իդլիբ նահանգի Սարակեբ քաղաքի շրջանում ոչնչացվել է սիրիական բանակի զինամթերքով մեքենա, մեկ միավոր զրահատեխնիկա և մոտոցիկլ, որով հավանաբար, տեղաշարժվել են սիրիացի զինծառայողները:
Ավելի վաղ Իդլիբի Սարակեբ շրջանում թուրքական անօդաչու սարք է խոցվել։ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է Իդլիբի օդային տարածքը փակելու մասին Այն բանից հետո, երբ Թուրքիայի հարվածային անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին տվյալ նահանգում և նրա շրջակայքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







