Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում է կայացրել ռազմական դրության իրավական ռեժիմը գործողության մեջ դնել։ Այս մասին հայտնում է Mignews.com-ը։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահը համապատասխան որոշում է կայացրել իր նախաձեռնությամբ հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով, որտեղ վեց ժամ շարունակ քննարկվել են Սիրիայում իրենց տասնյակ զինվորների զոհվելու և վիրավորվելու համար Անկարայի պատասխան գործողությունների տարբերակները:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Անվտանգության խորհրդի նիստում Էրդողանը նաև որոշել է 72 ժամվա ընթացքում բացել թուրք-եվրոպական բոլոր սահմանները սիրիացի փախստականների համար: Այսպիսով, Թուրքիայի առաջնորդը ցանկանում է եվրոպական առաջնորդներին դրդել Մոսկվայի վրա ճնշում գործադրելու։
Թուրքիայի տարածքում ներկայումս գտնվում են արդեն 4 մլն փախստականներ՝ հաշվի չառնելով Իդլիբի դեէսկալացիայի գոտու այն հատվածում կուտակվող մարդկանց, որոնք, Անկարայի և Մոսկվայի միջև Սոչիի համաձայնագրերի համաձայն, պետք է գտնվեն Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







