Լեռնային Ղարաբաղի հարցը նախ Թուրքիայի խնդիրն է այնքանով, որքանով Ադրբեջանինն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է թուրքական Hurriyet Daily News պարբերականը։
«Մեր ամենամեծ ցանկությունն է լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա», – հայտարարել է Էրդողանն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ալիևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին միջազգային ասպարեզում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության համար:
«Երբեմն հայերն ասում են, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է, իսկ երբեմն ՝ որ Լեռնային Ղարաբաղն անկախ երկիր է։ Թվում է, թե իրենք պատասխան չգիտեն, իսկ եթե չգիտեն, մենք կարող ենք նրանց ասել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանն է», – հավելել է Ալիևը։
Ալիևը նաև հայտարարել է, որ բոլոր երկրները ճանաչում և պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
«Ցավոք, Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը հակամարտության կարգավորման գլխավոր խոչընդոտն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Հիշեցնենք, որ Էրդողանը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Թուրքիա- Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







