Անկարան դեռ չի կատարել Սիրիայի հարցով պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ավելի քան մեկ տարի առաջ Սոչիում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքով «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակի խոսքով՝ այս պահին կարելի է միանշանակ պնդել, որ չեն կատարվել Սոչիի պայմանավորվածությունները, որոնք ավելի քան մեկ տարի առաջ ստորագրվել էին երկու նախագահների կողմից, և այդ պայմանավորվածություններով նախատեսվում է, որ Թուրքիան պետք է իրականացնի ծանր սպառազինությունների դուրսբերում։
«Ռազմական տեխնիկայի շատ վտանգավոր նմուշներ Իդլիբում ահաբեկիչների ձեռքում են հայտնվում և այս ամենը, ցավոք, չի նպաստում իրավիճակի կարգավորմանը», — նշել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին իրավիճակը Իդլիբում կտրուկ սրվել է։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռուս և թուրք զինվորականները լռության ռեժիմ մտցնելու հերթական փորձն են ձեռնարկել, սակայն ահաբեկիչները միայն ուժեղացրել էին իրենց հարձակումները: Չորեքշաբթի Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ Անկարան պատրաստ է գործի դնել իր ողջ մարտական հզորությունն Իդլիբում գործողություն իրականացնելու դեպքում: Նա նաև հայտարարել է, որ Իդլիբում նոր ռազմական գործողության մեկնարկը «միայն ժամանակի հարց է», դրա անցկացման բոլոր նախապատրաստություններն արդեն ավարտվել են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







