Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ գործողությունների ուժերի զինծառայողները համատեղ դաշտային մարտավարական «Կովկասյան արծիվ-2022» զորավարժություններ են անցկացնում։ Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն։
Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրովանի մայոր Գելա Չեդիայի անվան հատուկ նշանակության ուսումնական կենտրոնում այսօր տեղի է ունեցել եռակողմ զորավարժությունների բացման արարողությունը։ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի «Կովկասյան արծիվ 2022» եռակողմ զորավարժություններն անցկացվում են ամեն տարի բոլոր երեք երկրներում ռոտացիոն սկզբունքով։ Անցած տարի զորավարժություններն անցկացվել էին Թուրքիայում։
Զորավարժությունների նպատակն է խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների համակարգումը, փորձի փոխանակումը, փոխգործունակության բարձրացումը և բազմազգ միջավայրում հրամանատարության ու վերահսկման բարելավումը։
«Կովկասյան արծիվ-2022» զորավարժություններին մասնակցող հատուկ նշանակության ջոկատները կկիսվեն հրազենի և բժշկական պատրաստության, բնակավայրերում մարտական գործողությունների և հատուկ գործողություններ իրականացնելու իրենց փորձով։
Զորավարժությունների մասնակիցներին հաջողություններ են մաղթել Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Իրակլի Չիչինաձեն և ՊԲ հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Կլատեիշվիլին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







