Իրանի խորհրդարանն արտահերթ նիստում կքննարկի Ադրբեջանին և Հայաստանին վերաբերող հարցեր։
APA-ի Թեհրանի բյուրոյի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իրանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն։
Նա նշել է, որ չորեքշաբթի կարևոր հանդիպում է անցկացվելու Ադրբեջանի և Հայաստանի հետ կապված հարցերի շուրջ։
Վահիդ Ջալալզադեն հավելել է, որ Իրանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով։
«Մենք այդ հարցը քննարկել ենք երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Խնդրում ենք Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին և երկրի ԱԳՆ-ին հնարավորինս լրջորեն մոտենալ այս հարցերին»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 32 մարմին։ ՔԿ-ի ղեկավար Արգիշտի Քյարամյանի փոխանցմամբ՝ քաղաքացիական անձանց շրջանում 2 զոհ ունենք։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







