Ադրբեջանցիների մուտքը Հայաստան ապահովելու համար Հայաստանի կառավարությունը պատրաստ է 3 նոր մաքսակետեր կառուցել: ԱԱԾ-ն հանրային քննարկման է ներկայացրել հայ — ադրբեջանական պետական սահմանի մասին նախագիծը, որով մաքսակետեր կկառուցվեն Սյունիքի մարզի Քարահունջ, Գեղարքունիքի մարզի Սոթք և Արարատի մարզի Երասխ համայնքներում։
Armenia Today-ը Տրանսպորտի և հաղորդակցության նախկին նախարար Հենրիկ Քոչինյանից հետաքրքրվեց, թե, հաշվի առնելով անցակետերի հնարավոր տեղակայումը, ինչ ավտոճանապարհներով են ադրբեջանցիները Հայաստանում տեղաշարժվելու, ո՞ր բնակավայրերով են անցնելու:
«Սոթքից մուտքի դեպքում կարող է հետևյալ կերպ լինել, որ իրենք Սոթքից գան, Սևանի մայրուղով, Երևանով գնան Երասխ, կամ կարող են Սոթքից Վարդենիսով գնալ Մարտունի, Մարտունիով, Սելիմի լեռնանցքով գնալ Եղեգնաձոր և այլն։ Քարահունջից գալու դեպքում պետք է դուրս գան Մ2 մայրուղի, Շինուհայր խաչմերուկում, և գան Վայքով, Եղեգնաձորով գնան Երասխ», — նշեց նախկին նախարարը:
Հենրիկ Քոչինյանի ենթադրությամբ՝ տեղադրվելիք անցակետերը սովորական մաքսային կետեր են լինելու, որոնք ելքումուտք կապահովվեն օտարերկրյա քաղաքացիների համար, այդ թվում՝ ադրբեջանցիների, որոնք նույն մաքսային ռեժիմով կարող են մտնել Հայաստան:
«Այդ անցակետերը միայն ադրբեջանցիների համար չպետք է լինեն: Իրանի քաղաքացին էլ կարող է Երասխով գալ մեր երկիր: Ես կարծում եմ, որ 2020 թվականի նոյեմբերից 9-ից հետո այդ անցկետերը պետք է տեղադրվեին, որ ադրբեջանցիները չասեին, թե միջանցք տվեք: Անցակետ կա, անցե՛ք այդ ռեժիմով: Մենք պետք է այդ անցակետերը շուտ տեղադրեինք», — կարևորեց Քոչինյանը:
Տրանսպորտ նախկին նախարարն առավել քան վստահ է, որ ոչ մի ադրբեջանցի այդ անցակետով չի մտելու Հայաստան: «Անցակետը ենթադրում է, որ այն միակողմանի չի կարող լինել: Դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին էլ իր հերթին կարող է գնալ Ադրբեջան: Եթե այդպես չէ, ուրեմն, շատ վատ կլինի, որ նրանք կկարողանան գալ — գնալ, իսկ մենք՝ ոչ: Չեմ կարծում՝ ՀՀ-ում մարդ լինի, ասի՝ ես Ադրբեջանով, ապա Դաղստանով գնում եմ ՌԴ: Չեմ էլ կարծում, թե նրանք ռիսկ կունենան ավտոշարասյունով գան մեր երկիր: Վրաստանի քաղաքացի համարվող բազմաթիվ ադրբեջանցիներ Բագրատաշենի անցակետով այսօր ՀՀ են գնում- գալիս», — նկատեց նա:
Հենրիկ Քոչինյանը, սակայն, համոզված չէ, թե Երասխով անցակետ տեղադրելով Հայաստանն ապահովվում է Նախիջևանի հետ Ադրբեջանի ցամաքային կապը. «Նախիջևանի հետ հաղորդակցությանն Ադրբեջանն այդքան էլ մեծ տեղ չի տալիս, այսօր Նախիջևանը Ջուլֆայով Իրանի միջոցով կապված է Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ, նույն ձևով էլ կարող է մեր երկրի միջոցով կապվել այդ տարածքների հետ: Այստեղ խոսքը ոչ այդքան տնտեսական շահի մասին է, որքան Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու միտումների», — տեսակետ հայտնեց նախկին պաշտոնյան:
Նրա խոսքով, օրինակ, Ղազախ — Իջևան անցակետը գոյություն է ունեցել նույնիսկ Խորհրդային միության տարիներին:
Այնուամենայնիվ, Քոչինյանի դիտարկմամբ՝ անցակետերի գործունեության դեպքում, պետք է ուշի-ուշով հետևել մեր երկրի տարածքով անցող ադրբեջանցիներն վարքագծին, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք «ձեռքները բռնել»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է անցակետեր սահմանել հայ-ադրբեջանական սահմանի 3 կետում՝ Սոթքում («Քելբաջար»), Երասխում («Սադարակ») և Քարահունջում («Էյվազլի»)»։
Նշենք, որ ԱԱԾ-ի նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։
Հավելենք, որ օգոստոսի 4-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանցիները մի քանի կետերով կարող են հատել ՀՀ սահմանն ու Նախիջևան հասնել և հանձնարարել էր ԱԱԾ-ին ապահովել դրա իրականցումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







