Վրաստանում բողոքի ակցիաներ են ընթանում՝ այդ երկրի ԵՄ անդամակցության աշխատանքների անհապաղ իրականացման պահանջով։
«Ներկայացնում եմ վրաց ժողովրդի պահանջը՝ թող Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տա և ստեղծվի ազգային համաձայնության կառավարություն, որը մինչև ձմեռը կկատարի Եվրամիության ներկայացրած 12 կետերը», — հայտարարել է Վրաստանի խորհրդարանի առջև անցկացվող «Տուն դեպի Եվրոպա» ակցիայի կազմակերպիչներից Շոթա Դիգմելաշվիլին, որը հնչեցրել է քաղաքացիական հասարակության գործողությունների ծրագիրը և պահանջները:
Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանություններին մեկշաբաթյա ժամկետ է տրվում, որպեսզի «հրաժարական տա Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը»:
Նրա տեղեկատվության համաձայն՝ ակցիայի կազմակերպիչները մինչև հուլիսի 3-ը դուրս կգան երկրի տարբեր շրջաններ, որից հետո կվերադառնան Թբիլիսի և կմնան խորհրդարանի շենքի մոտ:
«Այն դեպքում, եթե Բիձինա Իվանիշվիլին ականջալուր չլինի վրաց ժողովրդի կամքին, մեզ համար ավելի շատ համակիրներ կգան, քան այսօր, կամ հունիսի 20-ին էր, և մենք նրանց ցույց կտանք վրաց ժողովրդի ցասումը, որին նրանք դեռ չեն տեսել։ Մինչ այդ գնալու ենք բոլոր շրջաններ, քաղաքներ ու գյուղեր։ Մինչև հուլիսի 3-ը գնալու ենք և մարդկանց համոզելու, թե որն է Վրաստանի փրկությունը։ Իսկ հուլիսի 3 — ին կվերադառնանք Թբիլիսի, կհավաքվենք խորհրդարանի մոտ և չենք մեկնի այնքան ժամանակ, քանի դեռ օլիգարխիան չի փլուզվել», — նշել է Շոթա Դիգմելաշվիլին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







