«Հյուսիս-Հարավ» միջանցքի շինարարությունն անհրաժեշտ է Իրանին և Հայաստանին՝ ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման և երկկողմ համագործակցության զարգացման համար:
Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ չորեքշաբթի Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է Mehr գործակալությունը։
Հարևան երկրների հետ հարաբերություններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Իրանի կառավարության արտաքին քաղաքականության մեջ, ասել է Գալիբաֆը:
«Մեր երկրները գտնվում են կրիտիկական փուլում, և այդ պայմաններում անհրաժեշտ է զարգացնել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը», — ընդգծել է Իրանի Մեջլիսի նախագահը:
Նրա խոսքով՝ «սիոնիստական ռեժիմը» և ԱՄՆ-ն իրենց նպատակներին հասնելու համար ձգտում են խաթարել տարածաշրջանի կայունությունը, և «հարևան երկրները պետք է ուշադրություն դարձնեն այդ հանգամանքի վրա»:
Գալիբաֆը հայ-իրանական հարաբերությունների կարևորագույն բաղադրիչ է համարել տնտեսական համագործակցությունը՝ այդ համատեքստում ընդգծելով տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը:
Իրանի Մեջլիսի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներն ու տարաձայնությունները կկարգավորվեն խաղաղ երկխոսության միջոցով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







