Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունության և զարգացման գործում ունեցած ներդրումը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Ինչպես տեղեկացնում է Anadolu-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Չավուշօղլուն նշել է, որ հետխորհրդային պետությունների հետ Թուրքիայի կապերի զարգացման հաջող ուղղություններ են նաև լոգիստիկայի և էներգետիկայի ոլորտները:
Նա հայտնել է, որ առաջիկա շաբաթներին այդ ուղղություններով փոխգործակցությունը քննարկման առարկա կդառնա Թուրքիայի, Ղազախստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։ «Ադրբեջանի պատմական հողերի դեօկուպացիայի շնորհիվ պայմաններ են ձևավորվել Հարավային Կովկասում խաղաղության և երկարաժամկետ կայունության համար։ Հուսով եմ, որ այդ հնարավորությունը բաց չի թողնվի։ Անկարան մինչև վերջ աջակցում է այդ ուղղությամբ Բաքվի քայլերին»,- ասել է նա։
Չավուշօղլուն նաև անդրադարձել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությանը՝ նշելով, որ առաջիկայում նախատեսվում է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Թուրքիա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







