ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, ըստ որի` Հայաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված 5 կետանոց առաջարկ է ուղղվել։
«Հայաստանի իշխանությունն այս առաջարկի վերաբերյալ որևէ տեղեկություն չի փոխանցել, չի պարզաբանել, հայ հասարակությանն իր մոտեցումների մասին ոչինչ չի հայտնել։
Եթե Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ ՀՀ-ին փոխանցվող առաջարկի վերաբերյալ, համապատասխանում է իրականությանը, ապա դրա վերաբերյալ ՀՀ իշխանության լռության պահպանումը մեծ թվով հարցեր է առաջացնում։
Ամենայն հավանականությամբ, կուլիսների հետևում, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կա կամ եղել է գործընթաց, որի ընթացքն իր ազդեցությունն է թողել այս օրերին Արցախում նկատվող իրադարձությունների, մասնավորապես, կտրուկ լարման վրա։
Այս առաջարկների անհապաղ հրապարակումը կարևոր է հենց այն պատճառով, որ շատ բան կբացահայտի ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված իրադրության և ադրբեջանական հավակնությունների մասին»,- գրել է Աբրահամյանը։
Նշենք, որ Հայաստանին ներկայացված կետերից մեկը վերաբերվում է սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացին, իսկ մյուս կետերի վերաբերյալ Ադրբեջանցի դիվանագետը մանրամասներ չի հաղորդել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







