Իրանը կարող է տարածաշրջանային տարանցիկ կենտրոն դառնալ Ադրբեջանի, Իրանի և Թուրքմենստանի միջև գազային համաձայնագրի իրականացման գործընթացում։
Այս մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
«Այդ փաստաթղթերը շատ մեծ նշանակություն ունեն։ Հարեւան պետությունների հետ ստորագրված համաձայնագրերը կարող են օգնել տնտեսական զարգացմանը», — նշել է Ռաիսին։
Իրանի նախագահի խոսքով՝ Իրանի նավահանգիստները հարեւան երկրների հետ ապրանքաշրջանառության համար կարեւոր գործոն են:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանի, Իրանի և Թուրքմենստանի նախագահները պայմանավորվել են Թուրքմենստանից Ադրբեջան գազի փոխանակման մասին Իրանի տարածքով: Այդ համաձայնագրով Թուրքմենստանը 1,5-2 մլրդ խմ գազ կմատակարարի Իրանին, իսկ վերջինս էլ իր հերթին պարտավորվում է նույն քանակությամբ գազ մատակարարել Ադրբեջանին։
Հիշեցնենք նաև, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել էր, որ թուրքմենական գազի մատակարարման պայմանագիրը, որի գործողությունը դադարեցվել էր 2017-ի հունվարին, կվերականգնվի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







