Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն ու Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը տեսակապի միջոցով մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստի աշխատանքներին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստում քննարկվել և մասնակից երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հավանությանն են արժանացել մի շարք հարցեր: Հայկական պատվիրակության անդամները որոշ հարցերի առնչությամբ ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են: Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին ներկայացրել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի, դրա հետևանքների, տուժածների վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունը: Պատգամավորը, կարևորելով նման քայլերի կանխարգելումը, անհրաժեշտ է համարել բոլորի կողմից գործուն քայլերի ձեռնարկումը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ: Նշվում է, որ քննարկված նախագծերի քվեարկությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ի ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստի ընթացքում, որը նույնպես կայանալու է տեսակապի միջոցով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







