Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային պաշտպանության համալսարանի 2021-2022թթ. ուստարվա բացման արարողության ընթացքում ելույթ ունենալիս, անդրադարձել է հարակից տարածաշրջաններում՝ մասնավորապես Սիրիայում, Թուրքիայի քաղաքականությանը և հնարավոր քայլերին: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
«Աքարը, խոսելով Սիրիայում թուրքական ԶՈՒ-ի հնարավոր ռազմական գործողության մասին, ընդգծել է, որ երբ ժամանակը գա պաշտպանելու Թուրքիայի իրավունքները և շահերը, դրանց տեր կանգնելու համար կանեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է:
«Այս հարցում թող ոչ ոք չկասկածի: Ոչ մի դեպքում խոսք չի կարող լինել զիջման, պայքարից հրաժարվելու մասին: Մեր պարտքն է պաշտպանել մեր ազնվական ազգի իրավունքներն ու օրենքի ամեն տառը: Այս առումով մինչև այսօր անհրաժեշտ ամեն բան արել ենք և շարունակելու ենք անել»,- շեշտել է Աքարը:
Նրա պնդմամբ՝ Թուրքիան հարգում է իր բոլոր հարևանների սահմանները և ինքնիշխանությունը, սակայն եթե կան առանց խոչընդոտների գործող ահաբեկիչներ, ապա Թուրքիան ստիպված է գործել:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ամբողջ աշխարհում և տարածաշրջանում լուրջ զարգացումներ ու փոփոխություններ են տեղի ունենում այնպիսի առանցքային հարցերում, ինչպիսիք են պաշտպանական և անվտանգային հարցերը:
Աքարը շեշտել է, որ ուշադիր հետևում են բոլոր զարգացումներին ամբողջ աշխարհում՝ հատկապես Իրաքում, Սիրիայի հյուսիսում, Էգեյան ծովում, Արևելյան Միջերկրականում և Կիպրոսում»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







