Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին։ Այս մասին Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան Twitter-յան էջում փաստաթուղթ է հրապարակվել։
Հրապարակված մի փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը դեռևս հակված է լուծել հակամարտությունը քաղաքական միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Փաստաթղթում ասվում է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա՝ ամբողջությամբ հարգելով Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Ադրբեջանական կողմը նշում է, որ հավատարիմ է հակամարտության լուծման փուլային մոտեցմանը, որը հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների, մասնավորապես, 1994 թ. Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման վրա:
Ըստ փաստաթղթի՝ առաջին քայլը պետք է լինի հայկական զինված ուժերի ամբողջական և անվերապահ դուրսբերումը Ղարաբաղից և «գրավյալ» այլ տարածքներից:
Դրան պետք է հաջորդի Ադրբեջանի բնակչության վերադարձը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության վերսկսումը:
Հաջորդ կետերից մեկում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն:
Նման կարգավիճակը, ըստ նրանց, պետք է ապահովի տարածաշրջանի հայ և ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցությունը, երաշխավորի մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք իրացումը հավասար և ոչ խտրական հիմունքներով:
«Կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում՝ իրավական գործընթացի շրջանակներում, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի շրջանի բնակչության, մասնավորապես՝ հայկական և ադրբեջանական համայնքների անմիջական, լիարժեք և հավասար մասնակցությամբ, և Ադրբեջանի կառավարության հետ նրանց փոխգործակցության մեջ բացառապես իրավական և ժողովրդավարական գործընթացի շրջանակներում»,- ասված է փաստաթղթում։
Ադրբեջանը հակամարտության քաղաքական կարգավորում չի տեսնում վերը նշված շրջանակից դուրս:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







