Թուրքական ASİMED («Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միություն») կոչվող միությունը հայտարարել է նոր կայքի գործարկման մասին։
Հակահայկական քարոզչական հարթակը 7 լեզվով հակահայկական քարոզչություն է իրականացնում։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Ըստ հայտարարության՝ կայքը պետք է ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում իրականացնի միջազգային մամուլում, հայտնաբերի «Հայոց ցեղասպանության մասին նյութեր և հակաթուրքական բնույթի հրապարակումներ», այնուհետև դրանք հավաքի իր տվյալների բազայում, Թուրքիայի պաշտոնական թեզերին համահունչ պատասխաններ պատրաստի ու հրապարակի 7 լեզվով:
Tarihigercekler.net անվանումով կայքը հրապարակումներ է ունենալու թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն ու պարսկերեն լեզուներով:
ԱՄՆ-ում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հոլանդիայում ու Բելգիայում գործող թուրքական լոբբիստական կազմակերպությունների հետ կապ հաստատած կայքը նպատակ ունի նաև պարարտ հող ստեղծել նշյալ լոբբիստական կառույցների հզորացման համար:
Բացահայտ ռասիստական գործունեություն ծավալող այս կազմակերպությունն իր նորաբաց կայքում հայերի նկատմամբ ատելություն սերմանող տեղեկություններ է տարածում:
Հակահայկական կազմակերպության ղեկավար Սավաշ Էղիլմեզը նշել է, որ կարճ ժամանակ առաջ գործարկված կայքն արդեն ամսական 30 հազարից ավել այցելու ունի, որոնց 70 տոկոսը արտերկրից են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







