Ադրբեջանում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դեկտեմբերի 21-ից սկսում են փաստաթղթերի ընդունումը երկրի Միլի մեջլիսի (միապալատ խորհրդարանի)՝ 2020 թվականի փետրվարի 9-ին նշանակված արտահերթ ընտրություններում թեկնածուների գրանցման համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Համաձայն Ադրբեջանի ընտրական օրենսգրքի՝ թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն նրանց կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կողմից քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 50 օր առաջ, այսինքն ՝ դեկտեմբերի 21 – ից»։
Համաձայն օրենսդրության՝ Ադրբեջանում գրանցման համար փաստաթղթերի ընդունումը կավարտվի 2020 թվականի հունվարի 10-ին։
Ըստ Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալների՝ այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցությունը հաստատել են երկրում գործող 15 քաղաքական կուսակցություններ, այդ թվում ՝ իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը:
Հիշեցնենք, որ Միլի մեջլիսը ցրելու նախաձեռնությամբ նոյեմբերի վերջին հանդես էին եկել խորհրդարանական մեծամասնություն կազմող «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության պատգամավորները: Նրանք դա պատճառաբանել են պետության ղեկավարի բարեփոխումների կուրսին աջակցելու, օրենսդիր իշխանության բարեփոխումների և խորհրդարանի կազմի երիտասարդացման անհրաժեշտությամբ: Այս նախաձեռնությանը սատարել են նաև անկախ և ընդդիմադիր պատգամավորները ։
Իսկ ահա դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել հինգերորդ գումարման Միլի մեջլիսի լուծարման և փետրվարի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին: Նշենք, որ, միևնույն ժամանակ, մինչև խորհրդարանի նոր կազմի ընտրվելը օրենսդիր մարմինը պահպանում է իր լիազորությունների մի մասը, բացառությամբ օրենքների ընդունման և միջազգային կազմակերպություններում ներկայացուցչական գործառույթների:
Նշենք, որ Ադրբեջանի Միլի մեջլիսը բաղկացած է 125 պատգամավորներից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







