ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ճիշտ է համարում նախագահի կողմից Սահմանադրության փոփոխության հրապարակված առաջարկների ֆոնին կառավարության գործող կազմով հրաժարական տալը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել Է նախարարների կաբինետի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։
«Այդ Սահմանադրության փոփոխությունները, եթե ընդունվեն, կհանգեցնեն էական փոփոխությունների ոչ միայն Սահմանադրության մի շարք հոդվածների մեջ, այլև ընդհանուր առմամբ գործադիր, օրենսդիր, դատական իշխանության հաշվեկշռում», — ասել է վարչապետը:
«Այս համատեքստում ակնհայտ է, որ մենք՝ որպես Ռուսաստանի Դաշնության կառավարություն, պետք է մեր երկրի նախագահին հնարավորություն տանք բոլոր անհրաժեշտ որոշումները կայացնել նաև այս պայմաններում, կարծում եմ, որ ճիշտ էր ՌԴ Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան՝ ներկայիս կազմով Ռուսաստանի Դաշնության կառավարության հրաժարական տալը»։
ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել կառավարությանը կատարած աշխատանքի համար և նշել՝ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի նոր պաշտոն սահմանելու և այդ պաշտոնում Դմիտրի Մեդվեդևին նշանակելու մտադրության մասին:
«Հնարավոր եմ համարում և կանեմ դա մոտ ժամանակներս, կմտցնեմ Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը։ Անվտանգության խորհրդի նախագահը, ինչպես հայտնի է, նախագահն է», — ասել Է Պուտինը նախարարների կաբինետի հետ հանդիպման ժամանակ։ «Դմիտրի Անատոլևիչը միշտ զբաղվել է այդ հարցերով և մեր պաշտպանունակության և անվտանգության բարձրացման տեսանկյունից ես հնարավոր եմ համարում խնդրել նրան, որպեսզի նա զբաղվի այդ տեսակի հարցերով»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







