Թուրքիայի մեջլիսի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին Ստամբուլի հայկական «Սանասարյան հան» շենքի գործի ընթացքի վերաբերյալ, հայտնում է ermenihaber-ը։
Իր հարցմանը գրավոր պատասխան ակնկալող Փայլանը նշել է, որ Սանասարյան հանի վարձակալության հանձնելը վիրավորում է հանրային խիղճը և անտեսում է դատական գործընթացները։
Կարո Փայլանը մասնավորապես չորս կետ է առանձնացրել հարցման մեջ.
1. Քանի դեռ չի ավարտվել «Սանասարյան հանի» կարգավիճակի վերաբերյալ դատական գործընթացը, ի՞նչ կարծիք ունեք այն 35 տարով վարձակալության հանձնելու որոշման մասին։
2. Կարիքավոր հայ աշակերտների ուսման համար կառուցված և հայ համայնքին պատկանող գույք լինելով հանդերձ՝ պետության կողմից վարձակալության հանձնելը չի վիրավորելու՞ հանրության խիղճը։
3. Ո՞րն է պատճառը, որ կարևոր մշակութային կառույց հանդիսացող «Սանասարյան հանը» չի վերանորոգվում պետության կողմից։
4. Արդյոք «Սանասարյան հանը» իր կառուցման նպատակի տրամաբանությունից ելնելով վերադարձվելու է հայկական համայնքին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վճռաբեկ դատարանը Ստամբուլում գտնվող հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում էր կայացրել, այսպիսով շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը։
Ըստ վերջին շրջանում թուրքական մամուլում շրջանառվող լուրերի՝ հայկական պատմական շինությունը շահագործվելու է որպես 5 աստղանի հյուրանոց:
Շենքի վերականգնման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել մի կազմակերպություն, որը 35 տարով որպես հյուրանոց շահագործելու իրավունք է ստացել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







