Թուրքիայի նախկին վարչապետ, նորաստեղծ «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր ճանապարհային քարտեզին, որը վերաբերում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը, հայտնում է ermenihaber-ը։
«Երուսաղեմը մուսուլմանների պատիվն է, Աբրահամյան ավանդույթի վայրն ու Պաղեստինի հավերժական մայրաքաղաքը: Թրամփը և Իսրայելը, որոնք անտեսում են այս բացահայտ ճշմարտությունը, առանց պաղեստինցիների ու մուսուլմանների հետ խորհրդակցելու կազմել են այսպես կոչված խաղաղության պլանը, որը, սակայն, իրականում ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ու լարվածության սերմերն է ցանում»,- նշել է Թուրքիայի նախկին վարչապետը։
Դավութօղլուն ընդգծել է, որ արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանը կազմվել է իսլամական աշխարհի քաղաքական անկատարությունից օգտվելով և այն երբեք չի ընդունվելու:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







