Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովը փետրվարի 6-ին հանդիպել է աշխատանքային այցով Բաքվում գտնվող Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի (SACEUR) գլխավոր հրամանատար, ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Թոդ Ուոլթերսի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջանը», Սադիկովը, մեկնաբանելով ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, կրկին հայտարարել է, թե իբր Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, և որ Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը դեռևս արդյունք չի տալիս: Նա ընդգծել է, որ հարցի լուծումը Հայաստանին միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի պահանջների կատարման պարտադրումն է:
Գեներալ Ուոլթերսն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը դաշինքի հուսալի գործընկերն է՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ դաշինքը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







