Ապրիլի սկզբին վրացական ընդդիմությունը պլանավորում է զանգվածային հանրահավաք անցկացնել Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, լրագրողներին հայտարարել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն՝ Լեյբորիստական կուսակցության գրասենյակում Միավորված ընդդիմության ներկայացուցիչների հետ երկժամյա հանդիպման արդյունքներով:
Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Վրաստանի Գերագույն դատարանը ընդդիմության առաջնորդներից Գիգի Ուգուլավային մեղավոր է ճանաչել Թբիլիսիի զարգացման հիմնադրամի գործով: Գիգի Ուգուլավան մեղադրվում էր Թբիլիսիի զարգացման հիմնադրամից 48 միլիոն լարիի յուրացման մեջ։ Գերագույն դատարանը Ուգուլավային դատապարտել է երեք տարի երկու ամսով ազատազրկման:
Ի պատասխան, ընդդիմությունը ոչ միայն հրաժարվեց հետագա բանակցություններից իշխող «Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հետ ընտրական համակարգի բարեփոխման վերաբերյալ, այլև հայտարարեց քաղաքացիական անհնազանդության և լայնածավալ բողոքի ակցիաների մասին:
«Ապրիլի 4-ին՝ ժամը 16:00-ին, Ռուսթավելիում լայնամասշտաբ ակցիա է լինելու։ Մինչ այդ մենք կունենանք բազմաթիվ բողոքի միջոցառումներ, այցելություններ մարզեր։ Ապրիլի 4-ին մենք կհայտարարենք, թե ինչպես ընդդիմությունը կհամագործակցի ընտրությունների հարցում», — հայտարարել է Վաշաձեն։
Վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ակցիայի գլխավոր ուղերձը կլինի «ոչ մի ձայն Վրացական երազանքի օգտին» կարգախոսը: Մնացած ժամանակ և ընդհուպ մինչև ակցիայի օրը ընդդիմության առաջնորդները պայմանավորվել են պլանավորել և անցկացնել բողոքի ակցիաներ, ուղևորություններ մարզեր՝ բնակչության հետ հանդիպելու համար, ինչպես նաև տեղեկատվական հանդիպումներ միջազգային կազմակերպությունների հետ:
«Դա կլինի առանցքային ակցիա, որտեղ ընդդիմադիր միասնությունը հանդես կգա իր հստակ տեսլականով, թե ինչպես կշարունակվի պայքարը, որպեսզի մենք բոլորս միասին ազատվենք այդ քաղաքական ժանտախտից և ինչպես երկիրը դուրս բերենք այդ փակուղուց, որում նրան գցել է խայտառակ առաջնորդը և նրա ծաղրածուները», – հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը՝ Գիգա Բոկերիան:
Բացի այդ, կուսակցությունների առաջնորդները հաստատել են, որ նախնական պայմանավորվածության համաձայն, իրենք խորհրդարանական ընտրություններում միմյանց հետ չեն մրցակցելու մեծամասնական ընտրատարածքներում, այլ դրա փոխարեն ընդհանուր թեկնածուներ են առաջադրելու:
«Մեծամասնական ընտրատարածքների մեծամասնությունում ընդդիմությունը կունենա մեկական թեկնածու, որի հետ չի մրցակցելու ոչ մի այլ ընդդիմադիր կուսակցություն։ Դա նախադրյալ կլինի, որ մենք կազատվենք այդ օլիգարխիկ ռեժիմից», — հայտարարել է «Միասնական ազգային շարժման» նախագահ Գրիգոլ Վաշաձեն։
Հանրապետական կուսակցության առաջնորդներից Դավիթ Բերձենիշվիլին, իր հերթին, հավելել է, որ ապրիլի 4-ի ակցիային ընդդիմությունը դուրս կգա «կարևոր համաձայնագրով»:
«Գործնականում այդ ակցիայի ժամանակ ընտրական գործընթացի մեկնարկը կլինի», — պարզաբանել Է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







