Թուրքական բանակը Իդլիբում «չեզոքացրել է» ևս 55 սիրիացի զինվորականների։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նիվոստի»-ն։
Փետրվարի 11-ին Անկարան հայտնել էր նաև 51 սիրիացի զինծառայողի «չեզոքացման» մասին, մեկ օր առաջ՝ 101 զոհված սիրիացու մասին:
Սա առաջին նման հայտարարությունը չէ թուրք զինվորականների կողմից այն բանից հետո, երբ փետրվարի 3-ին Իդլիբում սիրիական բանակի կողմից հրետանային գնդակոծության հետևանքով զոհվել էին ութ թուրք զինվորականներ և քաղաքացիական անձինք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ Մոսկվային և Դամասկոսին մեղադրել էր Իդլիբում խաղաղ բնակիչներին հարվածելու համար: Թուրքիայի ղեկավարը նաև սպառնացել է գրոհել սիրիական կառավարական զորքերի վրա՝ նույնիսկ դեէսկալացիայի գոտուց դուրս, եթե նրանք հարձակողական գործողություններ իրականացնեն:
Կրեմլն էլ հայտարարել է, որ սիրիական բանակի նպատակն է չեզոքացնել ահաբեկիչներին, այլ ոչ թե քաղաքացիական անձանց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







