Հայաստանը հունիսից փաստացի դադարեցրել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման վերաբերյալ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետով:
«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա ես պարոն Պուտինին տեղեկացրի, որ Հայաստանն այս հարցում կրկին անկեղծ չէ: Ես պարոն Շառլ Միշելի հետ ունեցած ասուլիսի ժամանակ ասացի, որ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաները պետք է միաժամանակ բացվեն, և ընտրովի մոտեցում պետք է չկիրառվի»,- նշեց նա: Ալիևը հայտարարել է, որ Բաքվի ու Մոսկվայի դիրքրոշումները համընկնում են ու թե՛ Ադրբեջանը, թե՛ ՌԴ-ն Ղարաբաղյան հակամարտությունը համարում են ավարտված:
Անդրադառնալով ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերություններին՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: Ադրբեջանի նախագահը նաև «անարդար» է անվանել ԵՄ դիրքորոշումը Ադրբեջանին և Հայաստանին օգնություն հատկացնելու հարցում:
«Եթե խոսենք Ադրբեջանի մասին, ապա նշվում է 150 մլն եվրո գումարի մասին: Բայց մեզ ոչ ոք հստակ չի ասել, թե այդ միջոցները երբ կհատկացվեն և ինչ պայմաններով։ Բնականաբար, ես կարծում եմ, որ սա անարդար դիրքորոշում է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը Հարավային Կովկասի խոշորագույն երկիր է թե՛ բնակչության, թե՛ ներուժի առումով»,- ասել է Ալիևը:
Նա տեղեկացրել է, որ այդ հարցը քննարկման առարկա է եղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ:
«Նրա պատասխանն այնպիսին էր, որ իբր Ադրբեջանին միջոցներ պետք չեն: Նախ, ոչ ոք մեզ ոչինչ չի առաջարկել։ Դուք մեզ սկզբում առաջարկեք, ես ձեզ կասեմ՝ մեզ փող պե՞տք է, թե՝ ոչ», — ասել է Ալիևը՝ նշելով, որ եթե միջոցները հատկացվեն դրամաշնորհի տեսքով, ապա Ադրբեջանը երբեք դրանցից չի հրաժարվի։
Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը ներկայումս ակտիվ աշխատանք է տանում Քարվաճառի և Բերձորի շրջաններում մինչև 700 կմ ընդհանուր երկարությամբ ռազմական նշանակության ճանապարհներ անցկացնելու ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







