Թուրքիայում նոր սահմանափակումներ են մտցվում՝ կապված համաճարակային վիճակի սրացման հետ, հայտնում է minval.az-ը՝ հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարարությանը։ Կարանտինային սահմանափակումները խստացվում են հատկապես քաղաքացիների առանձին խմբերի համար։
Նոր միջոցառումները վերաբերում են Սիիրթ, Գազիանթեփ, Ստամբուլ, Էլազըգ (Խարբերդ), Վան, Կայսերի, Բարթըն նահանգներին։ Այդ նահանգներում 65-ից բարձր տարիքի անձանց համար սահմանափակվել է հանրային տրանսպորտից օգտվելու և առևտրի կետեր այցելելու ժամանակը, արգելվել է խնջույքների գնալ, մասնակցել կրոնական և զանգվածային միջոցառումների։
Բացի այդ, առանձին նահանգներում արգելվել է առևտրի կենտրոններին մթերքը խանութից դուրս՝ մայթերին շարելը, քանի որ դա կարող է խանգարել սոցիալական հեռավորության պահպանմանը։ Հանգստի գոտիներում սոցիալական հեռավորությունը մեծացվել է մինչև 4 մետր։
Սիիրթ նահանգում զանգվածային միջոցառումներին մասնակցելու արգելք է սահմանվել մինչև 15 տարեկան երեխաների համար։ Գազիանթեփում մինչև ամսվա վերջ արգելվել են ցանկացած տեսակի ակցիաները, իսկ Էլազըգում հարսանիքների անցկացման ժամանակը սահմանափակվել է 3 ժամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







