Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանի Կուլիկամ գյուղում այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ գյուղի երիտասարդներին հարցաքննության կանչելու հետ կապված: Այս մասին հայտնում է jnews.ge կայքը։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության աշխատակիցներն օգոստոսի 16-ին հարցաքննության են կանչել օգոստոսի 8-ին Ախալքալաքում տեղի ունեցած սպանության և դրան հաջորդած բռնարարքների գործով։ Նշվում է, որ ծանուցագրեր են ստացել գյուղի 15-40 բնակիչներ։
Կուլիկամի բնակիչները՝ սպանված Վարդ Միրանյանի հոր գլխավորությամբ, հավաքվել են գյուղի կենտրոնում և պահանջել հանգիստ թողնել գյուղի երիտասարդներին, հայտնում է կայքը։
Կայքը հիշեցնում է, որ օգոստոսի 8-ի երեկոյան՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ախալքալաքի կենտրոնում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հրազենային վնասվածքից մահացել է Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վարդ Միրանյանը, որից հետո Ախալքալաքում անկարգություններ են սկսվել, մի խումբ երիտասարդներ այրել են 4 տուն եւ հյուրանոց:
Սպանության գործով ձերբակալվել է Արթուր Գաբրիելյանը։ Սպանության, ինչպես նաև զանգվածային բռնարարքների փաստի քննությունը շարունակվում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







