Բաքվում ցույցը, որն այդ երկրի իշխանությունները օգտագործում են հօգուտ իրենց այն թեզի, թե՝ բա «ժողովուրդը պատերազմ է ուզում», կարծես վերահսկողությունից դուրս է գալիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշել է, որ ըստ իրենց դիտարկումների՝ ցույցի կազմակերպումն առնվազն խրախուսել են պետական մակարդակով։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ ցուցարարները պահանջում են գլխավոր շտաբի պետի հրաժարականը, նշվում է, որ ներխուժել են խորհրդարանի շենք։ Լայվով կար, սակայն կապն ընդհատվել էր մի պահ»,- գրել է Հովհաննիսյանը։
Փորձագետը նշել է, որ ժամը 3։59 -ին ոստիկանության հատուկ նշանակության ուժերը մահակներով ցուցարարներին հանել են խորհրդարանի շենքից, ջրցան մեքենաներով նաև կոշտ կերպով ցրում են ցույցը։
Հովհաննիսյանը նշել է, որ այս ամենը կարող է տարբեր զարգացումներ ստանալ. «Այնպես որ լինենք շատ ուշադիր։
1. Ամեն պարագայում իշխանությունները աշխատում են օգուտ քաղել նման ցույցերի անցկացումից։ Հետևաբար շատ բաներ կարող են իրենց սադրածների հետևանքը լինել հենց։
2. Ամեն դեպքում այսքան լուրջ կորուստները անհետևանք չեն մնում, հետևաբար ամբոխը կարող է դառնալ խիստ անկառավարելի, ինչպես հնարավոր է՝ այժմ է, ու բողոքի ալիքը ուղղել պետական մարմինների դեմ։
2-րդ պարագայում Ադրբեջանի ղեկավարության համար նման զարգացումները խիստ վտանգավոր են, հետևաբար երկու դեպքում էլ.
1. իրենց նախատեսածով
2. իրենց դիրքերը պահելու համար, եթե կարմիր գիծը հատի
Կարող են ավելի լարել իրավիճակը, ինչպես նաև վստահաբար ավելի մեծ թափով են ապատեղեկատվություններ տարածելու։ Ըստ այդմ՝ բոլորիդ խնդրում եմ լինել շատ ուշադիր շրջանառվող ցանկացած տեղեկատվության նկատմամբ»,- գրել է փորձագետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







