Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը 2026 թվականի նոյեմբերին կանցկացնեն Eternity-2026 տեղեկատվական բնույթի հրամանատարաշտաբային զորավարժությունները, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ երեք երկրների պաշտպանության նախարարությունների մասնակցությամբ Ադրբեջանում տեղի է ունեցել սպասվող զորավարժությունների պլանավորման հիմնական համաժողովը։
Բացի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողներից, զորավարժություններին կմասնակցեն նաև Ադրբեջանի ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության և «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի աշխատակիցները։
Ըստ հաղորդագրության՝ զորավարժությունների սցենարը նախատեսում է մասնակից երկրների տարածքով անցնող ռազմավարական օբյեկտների և հաղորդակցության ուղիների պահպանություն ու տակտիկական պաշտպանություն։
Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են զորավարժությունների թեման ու նպատակները, համատեղ շտաբի կազմը, տեղանքում մշակվելիք մարտավարական դրվագները։
Այս երկրների մասնակցությամբ նախորդ նման զորավարժությունն անցկացվել էր Վրաստանում՝ 2024 թվականին։





































