Թուրքիայի արևելքում գտնվող Շանլըուրֆա նահանգի Սիվերեկ քաղաքում դպրոցի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, հարձակվողը վիրավորել է մի քանի աշակերտի և պատանդ վերցրել նրանց, հայտնում է ՌԲԿ-ն։
Հարձակման թիրախը Հասան Չելեբի շրջանում գտնվող Ահմեթ Քոյունջուի անվան անատոլիական մասնագիտական ավագ դպրոցն էր։ Կայքի տվյալներով՝ դպրոցի ներսում կրակոցներ են հնչել, ներսում գտնվող աշակերտների մեծ մասը տարհանվել է։ Վիրավորներից մի քանիսը պատուհաններից ցատկել են՝ հարձակումից խուսափելու համար։
Տարածք են ուղարկվել բժիշկներ, ոստիկաններ և այլ հատուկ նշանակության ուժեր։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անվտանգության ուժերը փորձել են համոզել հարձակվողին հանձնվել, բայց նա հրաժարվել է։ Կրակողը փախել է դպրոցի շենք, որը շրջափակված է։
NTV-ին ականատեսը հայտնել է, որ հարձակվողը 17 կամ 18 տարեկան դեռահաս է, իր հետ բերել է որսորդական հրացան, սկզբում անկանոն կրակահերթ բացել դպրոցի մուտքի մոտ, ապա՝ ներսում։
Շանլըուրֆայի նահանգապետ Հասան Շիլդակն ավելի ուշ հայտարարել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է 16 մարդ, այդ թվում՝ առնվազն 2 ուսուցիչ։ Վիրավորներից 4-ի՝ 2 աշակերտի և 2 ուսուցչի վիճակը համարվում է միջին ծանրության։
Նրա խոսքով՝ հարձակվողը, որը 2007 թվականին ծնված երիտասարդ է, նախկինում դպրոցում սովորել է մինչև իններորդ դասարանը։ Այնուհետև տեղափոխվել է մեկ այլ ավագ դպրոց։ Կրակողն ինքնասպանություն է գործել, երբ ոստիկանները փորձել են նրան ձերբակալել։






































