Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն արձագանքել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի վիճակագրության կասկածելի լինելու և վրացական հակամահաճարակային համակարգի ոչ արդյունավետ լինելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային խորհրդի նիստում խոստովանել էր, որ Վրաստանում կիրառված և մինչ օրս գործող սահմանափակումներն ավելի արդյունավետ էին և ավելի խիստ։ Սակայն նա կասկած էր հայտնել վարակվածների հաշվարկի մեթոդաբանության հարցում`նշելով, որ Հայաստանում հակահամաճարակաբանական համակարգն ավելի զարգացած է, քան հարևանների մոտ։
Տիկարաձեի խոսքով՝ Թորոսյանի հայտարարությունն անհիմն է և իրենց մոտ որոշ հարցեր է առաջացրել:
Նախարարը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախատեսվում է կապ հաստատել Հայաստանի առողջապահության նախարարի հետ:
«Մենք բազմիցս հեռախոսազրույց ենք ունեցել համավարակի այս ժամանակահատվածում, անցկացրել ենք խորհրդակցություններ և համեմատել մեր երկրներում տիրող իրավիճակը: Եթե նա ուներ հարցեր, կարող էր օգտվել այդ հնարավորությունից և մենք կպատասխանեինք նրա բոլոր հարցերին: Այն, որ Վրաստանի առողջապահության նախարարության ունեցած արդյունքները կասկածելի չեն, հաստատում են ոչ միայն թվերը, այլ գնահատականը, որը տալիս է հասարակությունը: Ուստի, որոշ կասկածներ են առաջանում և հարցեր, թե ի՞նչն է հիմք հանդիսացել իմ գործընկերոջ կողմից նման հայտարարություն անելու համար: Մենք նախատեսում ենք նրա հետ կապ հաստանել, որպեսզի պարզաբանումներ ստանանք»,- հայտարարել է Տիկարաձեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







