Իրանի իշխանությունները ողջունում են ցանկացած գործընթաց, որը կանխում է պատերազմը և տանում դեպի խաղաղություն, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է Interfax-ը:
«Իրանը միշտ հանդես է գալիս ցանկացած գործընթացի օգտին, որը տանում է դեպի խաղաղություն, հանգստություն և հակամարտությունների ու պատերազմների դադարեցում միջազգային իրավունքի շրջանակներում, և երկրի ու նրա ժողովրդի իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքով»,- մեջբերում է Իրանի նախագահի գրասենյակը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ հեռախոսազրույցի արդյունքներով հրապարակված կոմյունիկեից:
Փեզեշքիանը, միևնույն ժամանակ, մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելու, անցած տարվա հունիսին պատերազմ հրահրելու և վերջին ցույցերին աջակցելու համար:
«Նրանք կարծում էին, որ կարող են Իրանը վերածել Սիրիայի կամ Լիբիայի»,- ասել է Փեզեշքիանը՝ նշելով, որ նման ենթադրությունները բխում են «Իրանի ժողովրդի ճշմարտության, բնույթի և մեծության ոչ բավարար ըմբռնումից»:
Բողոքի զանգվածային ցույցերը երկրում սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տիրող տնտեսական իրավիճակից դժգոհության պատճառով: Թեհրանն անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրել էր ԱՄՆ-ին և Իսրայելին:






































