Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանը միջազգային հարթակներում պարբերաբար միանում է Եվրամիության դիրքորոշմանը։
Շոյգուն ընդգծել է, որ Հայաստանի կողմից իրականացվել են ոչ բարեկամական բնույթի քայլեր, այդ թվում՝ ռուսական տնտեսվարողների գործունեության պայմանների միտումնավոր վատթարացում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ իր քաղաքական թիմը երբեք չի գործել Ռուսաստանի շահերի դեմ։ Միևնույն ժամանակ, նա նշել էր, որ չի կարող Ռուսաստանի շահերը վեր դասել Հայաստանի շահերից՝ վստահեցնելով, որ Երևանը Մոսկվայի հետ չի մտնի «հակասությունների, հակադրությունների և առավել ևս՝ լեզվակռվի մեջ»։






































