Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր քաղաքական թիմը երբեք չի գործել Ռուսաստանի Դաշնության շահերի դեմ։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն չենք անելու, խորացնելու ենք այդ հարաբերությունները»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ չի կարող Ռուսաստանի շահերը վեր դասել Հայաստանի շահերից՝ վստահեցնելով, որ Երևանը Մոսկվայի հետ չի մտնի «հակասությունների, հակադրությունների և առավել ևս՝ լեզվակռվի մեջ»։
Որպես ասվածի ապացույց՝ վարչապետը հիշատակել է ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումը, որի ժամանակ, ըստ Փաշինյանի, նրանք չեն կարողացել մատնանշել որևէ փաստ, թե Հայաստանը երբևէ վնասել է Ռուսաստանի շահերին։
Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է հարգանքով վերաբերվել, ասել է նա՝ ընդգծելով ջերմ հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
«ՌԴ նախագահի հետ ունեմ ընկերական հարաբերություններ՝ բառիս բուն իմաստով։ Ընդհանրապես, կասկածում եմ, որ 2018 թվականից մինչ օրս նա որևէ այլ առաջնորդի հետ ավելի շատ շփումներ ունեցած լինի, քան իմ»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ժամանակահատվածից ի վեր ՌԴ նախագահի հետ ունեցել է ավելի քան 200 հեռախոսազրույց։
Հատկանշական է, որ իր ելույթում Փաշինյանը չի անդրադարձել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը, թեև նախօրեին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել էր, որ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգում լինելու է նաև այդ կառույցում Հայաստանի հետագա կարգավիճակի հարցը։
Պուտինը մայիսի 9-ին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում։ Այդ դեպքում, ըստ նրա, հնարավոր է «փափուկ և ինտելիգենտ ամուսնալուծության» ուղին։





































