Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկեր են մշակվում՝ ի պատասխան պաշտոնական Երևանի վերջին շրջանի գործողությունների, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Որպես հակառուսական քայլ՝ Մոսկվան դիտարկում է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Հայաստան։
Ըստ պարբերականի՝ ռուսական կողմի նախատեսած սահմանափակումները ներառում են արգելքներ Հայաստանից սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի և ծաղիկների ներկրման համար։
Հանքարդյունաբերության ոլորտում Մոսկվան նախատեսում է դադարեցնել որոշ ապրանքատեսակների, մասնավորապես՝ մոլիբդենային հանքաքարի և դեկորատիվ քարերի գնումը, նշել է թերթը։
Ըստ պարբերականի՝ առավել ռիսկային է համարվում Մեծամորի ատոմակայանի միջուկային թափոնների ուտիլիզացման վերաբերյալ համաձայնագրերի վերանայումը։ Ըստ աղբյուրի՝ ՌԴ-ն մտադիր է ՀՀ-ից այլևս թափոններ չվերցնել, ինչը կարող է Հայաստանին կանգնեցնել էկոլոգիական աղետի առաջ, քանի որ Հայաստանում չկան դրանց ուտիլիզացման համար անհրաժեշտ պայմաններ:
Դիտարկվում են նաև անհատական պատժամիջոցներ հայ գործարարների և պետական ծառայողների նկատմամբ, ենթադրվում են անշարժ գույքի ու ֆինանսական ակտիվների սահմանափակումներ, մուտքի արգելք և արտաքսումներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 1-ին կայացած հանդիպումից հետո բիզնեսը, հասարակական շրջանակները և ԶԼՄ-ներն արձանագրել էին, որ Մոսկվան փոխել է վերաբերմունքը։ Մասնավորապես, ՌԴ-ում ապրիլի 12-ին վերսկսվել էր «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո Օլեգ Գուսովի մահվան գործի քննությունը, մի քանի անգամ կասեցվել էր հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառք։
Կարդացեք նաև՝





































