Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվել և գտնվում են բարձր մակարդակի վրա։ Այս մասին «Հավակնություններ. Ֆրանսիա-Հայաստան» ֆորումի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս 30-ամյակը բնութագրվում է որպես առանձնաշնորհալ հարաբերությունների, վերելքի և սերտ հարաբերությունների ժամանակաշրջան։ Մենք՝ հայերս երախտապարտ ենք եղբայրական Ֆրանսիային անցած 30 տարիներին մեր հանրապետությանը ցուցաբերած անկեղծ ու անշահախնդիր աջակցության և հայ ժողովրդին ու նրա արդարացի ձգտումներին աջակից լինելու համար»,-հայտարարեց վարչապետը։
Անդրադառնալով տնտեսական կապերին՝ Փաշինյանն ընդգծեց երկու երկրների փոխգործակցության բարձր մակարդակը, և հատկապես Արցախյան վերջին պատերազմում Ֆրանսիայի ցուցաբերած տնտեսական և հումանտիտար աջակցությանը։ «Ուրախ ենք, որ պատերազմից հետո Ֆրանսիան քաղաքական կամք է դրսևորել՝ տնտեսապես աջակցելու Հայաստանին և նորովի խթանելու հայ-ֆրանսիական տնտեսական գործակցությունը։ Մասնավորապես, նախորդ տարվա դեկտեմբերին կնքված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 5-ամյա «ճանապարհային քարտեզը» բարձր հնարավորություններ է ընձեռում և հանդիսանում է կարևոր հիմք՝ ուղղված ենթակառուցվածքների, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում հավակնոտ գործակցության խթանմանը։ Այսօրվա համաժողովն այդ «ճանապարհային քարտեզի» իրագործմանն ուղղված առաջին քայլերից մեկն է։ Մեր կառավարության կողմից հավաստում եմ, որ ջանք չենք խնայի այդ ծրագրերն իրագործելու համար»,-նշեց նա։
Վարչապետը կարևորեց հատկապես 44-օրյա պատերազմի և հետպատերազմյա շրջանում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ցուցաբերած աջակցության համար։ «Նախագահ Մակրոնը միակն էր, որ հստակ ու անկողմնակալ գնահատական տվեց տեղի ունեցած իրադարձություններին։ Նույն կերպ կարևոր էին Ֆրանսիայի Սենատի և ԱԺ-ի՝ ի պաշտպանություն արցախահայության ընդունած բանաձևերը։ Ֆրանսիան մեծ դեր ունի նաև ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում գործադրած ջանքերի տեսանկյունից»,-նշեց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







