ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացության ոլորտում միջնորդ մի քանի ընկերության նկատմամբ, որոնք ըստ ԱՄՆ-ի՝ ֆինանսավորում են իրանական բանակը հում նավթի վաճառքի միջոցով, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC)։
«Իրանական ռեժիմին եկամուտներից զրկելը կարևոր է նրա միջուկային նկրտումները զսպելու համար»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Մասնավորապես, պատժամիջոցներ են կիրառվել տանկերների ստվերային նավատորմի 6 նավի նկատմամբ, որոնք, ըստ նախարարության, տեղափոխում են նավթ։ OFAC-ը նաև պատժամիջոցներ է կիրառել իրանական Mahan Air ավիաընկերության նկատմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցելու համար։
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս ավիաընկերությունը կարևոր դեր է խաղացել Իրանի ռեժիմի կողմից Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը զինելու ջանքերում։
Պատժամիջոցները սահմանվել են Իրանի հակաահաբեկչական և նավթային ոլորտներին ուղղված հրամանների համաձայն։ Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց ամբողջ գույքն ու գույքային շահերն արգելափակվել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







