ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հունվարից ի վեր նրա պաշտոնավարման ողջ ընթացքում հասել է ռեկորդային նվազագույնի, ասվում է Reuters գործակալության և Ipsos-ի անցկացրած եռօրյա հարցման արդյունքների մեջ:
Հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների շրջանում Թրամփի վարկանիշը նվազել է մինչև 40%: Նախորդ հարցման ժամանակ, որն անցկացվել էր հոկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում, նախագահի վարկանիշը 42% էր:
Հաղորդվում է, որ ամերիկացիների դժգոհության հիմնական պատճառը կյանքի գնի բարձրացումն է: Նման կարծիքի է հարցվածների 63%-ը։ Այս ցուցանիշը գրեթե կրկնակի գերազանցում է նրանց մասնաբաժինը, ովքեր կարծում են, որ Թրամփը լավ է իրականացնում իր նախագահությունը: Նշվում է նաև, որ Հանրապետական կուսակցության առաջնորդի գործունեությանը հավանություն չտալու մակարդակը մայիսի 52%-ից հոկտեմբերի վերջին հասել է 57%-ի:
Ընդ որում՝ ամերիկացիների մեծամասնությունն ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցմանը վերաբերվում է առանց մեծ անհանգստության, ցույց է տվել հարցումը: Այսպես, հարցվածների 29%-ն անտարբերություն կամ հավանություն է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ, ևս 20%-ը վրդովմունք է հայտնել, իսկ մոտ 50%-ը՝ հիասթափություն։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին խոստացել էր Թրամփի թեկնածությունն առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Այս հայտարարությունը նա արել էր հոկտեմբերի 28-ին՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Տակաիտին նշել էր, որ բարձր է գնահատում «ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության գործին Թրամփի անսասան հանձնառությունը»:






































