Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունն անվանել է նախորդ կառավարության անդամների՝ «Սերժքոչարյանների կլանի» բնորոշ վարքագծի հետևանք։
Նրա խոսքով՝ «լափամանից կտրված մարդը փորձել է վերադառնալ դրան՝ չգիտակցելով, որ բյուջեն այլևս լափաման չէ, այլ քաղաքացիների համար ռեսուրս»։ Ալեքսանյանը նշել է, որ նախկին կառավարության ցանկացած ներկայացուցիչ «իշխանություն ձեռք բերելուց հետո այն վերածում է անձնական հարստացման միջոցի»։
Պատգամավորը հերքել է ենթադրությունները, որ իրավապահ մարմինների գործողությունները հրահրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքապետի հասցեին ուղղված քննադատությամբ։ Նա նաև բացառել է անցյալի կոռուպցիոն գործելակերպին վերադառնալը։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Քննչական գործողություններին զուգահեռ՝ քաղաքապետարանի տարածքում քաղաքացիները փորձել էին թույլ չտալ շենքից դուրս բերել Ղուկասյանին, ինչի հետևանքով բախումներ էին սկսվել։ Այնուհետ քաղաքացիներին բերման էին ենթարկել, այդ թվում՝ «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որը փորձել էր կանխել ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը։ Քննչական կոմիտեն ավելի ուշ քրեական վարույթ էր նախաձեռնել, որի շրջանակում հոկտեմբերի 21-ի դրությամբ 33 ձերբակալված կա։
Ընդդիմությունը Ղուկասյանի նկատմամբ գործողությունները կապում է Միութենական պետությանը սատարող Ղուկասյանի վերաբերյալ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարության հետ։ Փաշինյանը նշել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից»։





































