ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժարվել է մանրամասներ հայտնել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի՝ Բաքու կատարած այցի մասին։
Նա նշել է, որ Սիմոնյանն «անհրաժեշտության դեպքում» կներկայացնի արդյունքները։ Հայտնի չէ՝ արդյոք ԱԱԾ տնօրենն իր այցի ընթացքում քննարկե՞լ է հայ գերիների վերադարձի հարցը կամ որևէ տեղեկություն ստացե՞լ է նրանց վիճակի և պահման պայմանների մասին։
ՀՀ ԱԱԾ տնօրենը Բաքվում մասնակցել էր սեպտեմբերի 19-21-ը կայացած Անվտանգության երրորդ միջազգային ֆորումին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը ենթադրել էր, որ Սիմոնյանը, հնարավորության դեպքում, կայցելի Ադրբեջանում պահվող հայ գերիներին։
Ադրբեջանում ներկայումս պահվում է 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդներ։ Նրանց դեմ լուրջ մեղադրանքներ են առաջադրվել, դատավարությունները շարունակվում են։ Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախագծում գերիների վերադարձի վերաբերյալ կետ չկա, սակայն իշխանությունները պնդում են, որ այս հարցի ուղղությամբ ամենօրյա աշխատանք են տանում։




































