Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ հանդիպմանը կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Կոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրագործմանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը, որը կնպաստի համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին, տնտեսական գործընկերության խթանման ուղիներին, ինչպես նաև վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական աճի խթանմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը:
Այսօր ավելի վաղ Կոսը հայտնել էր, որ ԵՄ-ն դիմակայունության և աճի ծրագրի 2-րդ փուլի համար ՀՀ-ին ավելի քան 200 մլն եվրո կտրամադրի։






































