Ամենևին չէի նախանձի Հայաստանի հաջորդ իշխանություններին, քանզի Նիկոլ Փաշինյանն այնպիսի ծանր ժառանգություն է թողել, որի տակից գրեթե անհնար է դուրս գալ, գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նա զուգահեռներ է անցկացրել Փաշինյանի կառավարման և Մովսես Խորենացու պատմության այն դրվագի միջև, որը վերաբերում է Արտավազդ թագավորի կշտամբանքին իր հոր՝ Արտաշես Բ-ի հուղարկավորության արարողության ընթացքում։
«Մինչ դու գնացիր և ողջ երկիրս քեզ հետ տարար, ես ավերակների վրա ո՞ւմ թագավորեմ»,- ասել էր Արտավազդը։
Ըստ Տեր-Պետրոսյանի՝ տարբերությունն այն է, որ եթե Արտավազդի հայրն էր կործանում սեփական երկիրը, Փաշինյանն անձամբ ինքն է իրականացնում իր երկրի ավերումը։
«Անշուշտ, նա գիտակցում է իր գործած չարիքի ծավալը, ինչի արտահայտությունն են նրա մշտական ջղաձգություններն ու ընդդիմադիրների հասցեին հնչեցրած ամենօրյա լուտանքներն ու սպառնալիքները։ Իսկ թե իր նմաններին ինչպե՞ս են վերաբերվել պատմական անցյալում և ինչպիսի որակումներով «պատվել», հայտնի է բոլորին»,- նշել է նախկին նախագահը։
ՀԱԿ առաջնորդը հուլիսին Փաշինյանին քննադատել էր եկեղեցու դեմ հայտարարությունների համար։ Նա կոչ էր արել չեղարկել Վաղարշապատում նախատեսված հանրահավաքը, ազատ արձակել Բագրատ արքեպիկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Նա նաև շեշտել էր, որ Փաշինյանը վերջին շրջանում հատկապես «կշտամբանքներով, վիրավորանքներով և երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում» Հայաստանում ապաստան գտած ավելի քան հարյուր հազար արցախցիների արդարացի պահանջներին։
Ի պատասխան՝ Փաշինյանը Տեր-Պետրոսյանին մեղադրել էր փախուստի փորձերի մեջ և հորդորել հանդարտվել:





































