ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հատկապես կշտամբանքներով, «վիրավորանքներով և երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում» Հայաստանում ապաստան գտած ավելի քան հարյուր հազար արցախցիների արդարացի պահանջներին։ Առաջին նախագահի հայտարարությունը ներկայացրել է Ilur.am-ը։
Նրա խոսքով՝ արցախցիները, ճարահատյալ, բախում են հարյուրավոր դռներ, սակայն իրենց խնդրանքներին ու պահանջներին պատշաճ պատասխան չգտնելով՝ հարկադրված են լինում իրենց բողոքն արտահայտել զանգվածային ցույցերով, նստացույցերով, հանրահավաքներով, փողոցներ փակելով և այլն։
«Նման իրավիճակ ստեղծվել էր նաև 1990-ական թվականներին Սումգայիթի, Կիրովաբադի և, մանավանդ, Բաքվի ջարդերից հետո Հայաստանում ապաստան գտած հարյուր հազարավոր փախստականների պարագայում։ Մեր իշխանությունն այդ հարցը լուծեց հետևյալ կերպ. ստեղծվեց «ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչություն», որը գլխավորում էր Վլադիմիր Մովսիսյանը, ով կարճ ժամանակի ընթացքում փայլուն կերպով լուծեց փախստականների խնդիրները՝ արժանանալով վերջիններիս գնահատանքին և երախտագիտությանը։ 2023 թվականին նման կառույց ստեղծելու առաջարկով Փաշինյանին դիմել էր Սամվել Բաբայանը, սակայն մերժում էր ստացել»,- ասել է Տեր-Պետրոսյանը։
Նա նշել է, որ մերժելով նման աշխատունակ կառույց ստեղծելու գաղափարը՝ Փաշինյանը և նրա թիմակիցներն իրենց քայլերի անարդյունավետությունն ստիպված են քողարկել ագրեսիվ հռետորաբանությամբ, փոխանակ այդ հրատապ խնդիրների լուծումը պատվիրակելու արհեստավարժ պաշտոնյաներով համալրված հատուկ մարմնի, որի բացառիկ պատասխանատվությունը կլիներ համակարգված գործունեությունը և արցախահայերի արդարացի պահանջների բավարարումը։
«Դրանով նա, ըստ էության, ոչ թե հանգստացնում է արցախահայերին, այլ, ընդհակառակը, նրանց ավելի է մղում շարունակելու և թեժացնելու բողոքի ցույցերը՝ ակամա խորացնելով ապակայունությունը»,- ասել է նա։
Տեր-Պետրոսյանի խոսքով՝ «նման աններելի և վտանգավոր արկածախնդրություն» Փաշինյանը դրսևորել է նաև հայ եկեղեցու նկատմամբ, ինչը, սակայն, վիժեցվել է համաժողովրդական խիստ հակազդեցության շնորհիվ։
«Արդյունքում՝ նա ստիպված էր, գոնե միառժամանակ, դադարեցնել եկեղեցու դեմ ծավալած իր պառակտիչ արշավը»,- ասել է նա։
Տեր-Պետրոսյանի խոսքով՝ Փաշինյանի հաջորդ «սադրիչ քայլը» ՀԷՑ-ի ազգայնացման հակասահմանադրական ձեռնարկումը և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող անօրինական պատժիչ գործողություններն էին, «ինչը ևս երկրին խիստ անհրաժեշտ կայունության հաստատումը խաթարող գործոններից մեկն է»։
«Փաշինյանի որդեգրած հախուռն գործելաոճն իրապես միտված է ոչ թե մեր ազգին խիստ անհրաժեշտ համախմբմանը, այլ, միայն, պառակտմանը»,- եզրափակել է առաջին նախագահը։





































