1․«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018 թվականից ի վեր կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 105 մլն դոլարի գումար: Սա պաշտոնական տեղեկություն է։
Իսկ ո՞վ և որքա՞ն գումար է վերադարձրել պետական բյուջե. Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու իր կինը պետական բյուջե են վերականգնել 2,8 մլրդ դրամ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը վերականգնել է շուրջ 1 մլրդ դրամ, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը փոխհատուցել է 18,5 մլն դոլար. Ալեքսանդր Սարգսյանը նաև վերականգնել է Վլադիմիր Գասպարյանի և այլ անձանց կողմից պետությանը պատճառված վնասը՝ 54 մլն դրամ:
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը պետությանը նվիրաբերել է Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։
Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.084 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար։ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը պետությանը փոխհատուցել է 102 մլն դրամ, իսկ, օրինակ, մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը հարուցված քրեական գործից հետո պետությանը տարածք է նվիրաբերել:Հավելենք, որ սա վերջնական պատկերը չէ, և առաջիկայում նոր հատկացումներ կրկին կարող են լինել»:
2․«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած այն հանգամանքին, որ փետրվարի 17-ից մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, սակայն մինչև այսօր քարոզչության կողմերից ոչ ոք որևէ գործողություն չի իրականացրել և չի հայտնել իր ծրագրերի մասին:
Ըստ թերթի տեղեկությունների՝ նրանք դեռևս տարածքներ են փնտրում, որպեսզի շտաբներ հիմնեն, դրանց ղեկավարներ նշանակեն, ու ցանկանում են ակտիվ լինել հատկապես մարզերում, քանի որ Երևանի դեպքում քարոզչություն իրականացնելը տեխնիկապես ավելի հեշտ է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները փնտրտուքի մեջ են բոլոր առումներով՝ ծրագրի, մարդկային ռեսուրսի, շտաբների ու այն ամենի, ինչը կապված է ընտրական գործընթացի հետ: Թերթի տեղեկություններով՝ անգամ «Այո» քարոզչության կողմ հանդիսացող պատգամավորներն այս պահի դրությամբ չեն հասկանում՝ կոնկրետ ինչպես են քարոզարշավ իրականացնելու, և ինչ են ասելու քաղաքացիներին:
3․«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պատգամավորները դժգոհ են մնացել երեկ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպումից: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով և մարդու իրավունքների ու հանրային հարցերով հանձնաժողովի պատգամավորների և Արտակ Դավթյանի դռնփակ հանդիպումից:
Թերթի տեղեկություններով՝ հանդիպումն անցել է խիստ լարված և ծանր: Բանն այն է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ԱԺ պատգամավորներին է ներկայացրել բանակում մահացած զինվորների դեպքերը, իսկ երբ պատգամավորները բարձրացրել են պատասխանատուների հարցը, Դավթյանը կատարվածն իրենց բացթողումը չի համարել:
Թերթը նշում է, որ հանդիպման ընթացքում Արտակ Դավթյանը դիմել է նաև պատգամավորներին, ասել, որ վերջիններս օգնեն իրենց և օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան առկա բացերը լրացնելու համար: Հավելենք, որ պատգամավորները ԳՇ պետին հարցրել են նաև հրաժարականների մասին. արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը ևս հրաժարական են տվել: Ի պատասխան՝ ԶՈՒ պետը ասել է՝ այո՛, նրանք պաշտոնից ազատվել են: Լրագրողների հետ զրույցում, սակայն, այլ բան ասաց։
Թերթի տեղեկություններով, կառավարությունից Դավթյանին հասկացրել են՝ եթե առաջիկայում կրկին թերություններ արձանագրվեն, ապա վերջինս պետք է ինքնակամ դիմում ներկայացնի և հեռանա առանց բացատրության։ Ըստ էության, պատգամավորները հստակ հասկացրել են, որ դժգոհ են Դավթյանի և նրա օրերը հաշված են:
4․«Փաստ» թերթը գրում է. «Հերթական ներդրողը Հայաստանում հանդիպել է պետական համակարգում առկա բյուրոկրատիային և հիասթափվել: Տեղեկություններ ունենք այն մասին, որ անմիջապես հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն է հայտնել First Industrial Zone միջազգային ընկերությունը:
2 փուլից բաղկացած ծրագրով այս ընկերությունը պատրաստակամություն է հայտնել առաջին փուլով Հայաստանում կատարել 30 միլիոն դոլարի ներդրում, ստեղծել 200 աշխատատեղ և զբաղվել զրահապատ մեքենաների արտադրությամբ, մեքենաների զրահապատմամբ՝ 5 տարվա հարկերից ազատման թույլտվության պարագայում:
Մեքենաների 10 տոկոսը, ըստ առաջարկի, պետք է բարեգործական հիմունքներով տրամադրվեր Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես, ԱԻՆ-ին և ՊՆ-ին: Սեփականատերերը հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ հանդիպումից հետո Փաշինյանը հստակ հրահանգել է կազմել հանձնաժողով և աջակցել ծրագրին:
Սակայն 2 տարի է արդեն, ինչ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ինչպես նաև այլ հարակից կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը չի կարողանում եզրակացություն տալ, այսինքն, ստացվում է, որ, պատկերավոր ասած, կառավարությունը սաբոտաժի է ենթարկում Նիկոլ Փաշինյանի առաջադրանքները:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ թերի աշխատանքից հիասթափված ներդրողը ծրագիրը որոշել է փակել և հեռանալ Հայաստանից: Ստացվում է, այս իշխանությունները մտածում են միայն այսրոպեական ձեռքբերումների մասին, չեն գծում հեռահար պլաններ և չունեն հստակ ռազմավարություն, թե ինչ ենք ունենալու մի քանի տարի հետո»:
5․«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետի մոտ բանակում խաղաղ պայմաններում մահացությունների աճի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ քաղաքական որոշում է կայացվել՝ մի շարք պաշտոնյաների պաշտոնանկ անել։ Հանրաքվեի նախօրյակին քայլեր չձեռնարկելը կարող է խանգարել «այո»-ի հաղթանակին։
Որոշվել է, որ պաշտոնին հրաժեշտ կտա Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը։ Թերթի աղբյուրների վկայությամբ՝ երեկ նա արդեն ներկայացրել է հրաժարականի դիմումը, սակայն «տեխնիկական» պատճառներով չի հայտարարվում այդ մասին։Հայտնի է նաև փոխարինողի անունը՝ Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյան: Քննարկվում էր նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի անունը, սակայն երեկոյան Ջալալ Հարությունյանի թեկնածությունն ավելի իրատեսական էր դարձել։
Սպասվում է նաև ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանի պաշտոնանկությունը։ Ինչպես նաև՝ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







