ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը շուտով կարող է ազատվել աշխատանքից, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Գրիգորյանը նոր էր նշանակվում, արդեն բացասական կարծիք կար նրա մասին, իսկ վերջին 7-8 ամսում ՔԿՀ-ներում բավական անառողջ մթնոլորտ է ձևավորվել․ ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է թմրամիջոցների ու արգելված իրերի մուտքը բանտեր։
«Պատմում են, որ մոտ 20 օր առաջ «Արմավիր» ՔԿՀ-ի 2-րդ մասնաշենքում պատիժ կրող անձանցից մեկի կյանքը հազիվ են փրկել գերդոզավորումից։ Դժգոհ են նաև Գրիգորյանի կադրային քաղաքականությունից, նրա գլխավոր հուշարարը ՔԿԾ-ի հնաբնակ, 10 տարուց ավելի կադրերի բաժնի պետ աշխատող Համբարձում Նավասարդյանն է»,- գրել է թերթը։
Ըստ թերթի աղբյուրների՝ այն աշխատակիցները, որոնք ինչ-որ կերպ փորձում են հակադրվել պետի վարած քաղաքականությանը, կա՛մ ազատվում են, կա՛մ ուղարկվում կադրերի ռեզերվ։ Նրանց առաջարկում են իրենց պաշտոնից ցածր պաշտոն, իսկ չհամաձայնելու դեպքում՝ հեռացում համակարգից։
Ըստ թերթի՝ ՔՊ-ում նույնպես դժգոհ են պաշտոնյայից, որոնց թվում ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է։ Նա նիստերից մեկի ժամանակ հիշեցրել էր, որ Գրիգորյանը Մարտի 1-ի ժամանակ առանցքային պաշտոնյա էր։ Այժմ ՔՊ-ականներին կարծես հաջողվել է Փաշինյանին համոզել՝ ազատել Գրիգորյանին, գրել է թերթը։