Այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանված 278 բուժառու շարունակում է բուժում ստանալ հայաստանյան ԲԿ-ներում, «Հումանիտար կենտրոնի» ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Նրանցից 95-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր, միջին ծանրության դեպքեր կան դեռահասների շրջանում, 7 երեխա է շարունակում բուժումը»,- նշեց նա։
Արցախից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել, որից 14 երեխան ծնվել է Երևանում, իսկ 24-ը՝ մարզերում։
Բաղդասարյանի խոսքով՝ բռնահանվածների 16,5 տոկոսն արդեն գրանցվել է առաջնային բժշկական հաստատություններում, որտեղից անհրաժեշտության դեպքում կարող են ուղեգրում ստանալ։ Նա վերահաստատեց, որ բոլոր առողջապահական հարցերը տեղահանվածների համար կատարվում են անվճար։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







