Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, դիվանագիտական կորպուսի և հյուպատոսական հիմնարկների ղեկավար կազմի ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին և ԱԳՆ ապարատի ներկայացուցիչներին ուղեկցել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքականությանը և այս ասպարեզում փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նման այցելությունները դարձել են ավանդական և կրում են պարբերական բնույթ՝ կարևորելով դրանց նշանակությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Արցախ կատարած այցի շրջանակներում ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները այցելել են Դադիվանք վանական համալիր, Արցախի ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր։
Արցախի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները ծաղկեպսակ են դրել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար նահատակված հերոսների հուշակոթողին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






